ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ–ից դուրս գալու հնարավորության մասին Երևանից հնչող հայտարարությունները Հայաստանի Հանրապետության սուվերեն ընտրություն են, բայց Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ որևէ ժամանակավոր վարչակազմ Հայաստանի և Ռուսաստանի միջև եղած կապերը չի քանդի։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Իսկ եթե, ինչպես հայտարարել են Հայաստանի որոշ ղեկավարներ, նրանք այժմ, հիասթափվելով Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից, այլ կողմում գործընկերներ փնտրեն սեփական անվտանգության ամրապնդման համար, դա նրանց ինքնիշխան ընտրությունն է, Հայաստանի ղեկավարության ընտրությունը։ Բայց ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ այն կապերը, որոնք դարեր շարունակ գոյություն են ունեցել ռուս և հայ ժողովուրդներիի միջև, ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կործանի»,– ասել է նա լրագրողներին «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբում կայացած նիստից հետո։
Հիշեցնենք սեպտեմբերի 24–ին ժողովրդին ուղղված իր ուղերձում ՀՀ վարչապետը հայտարարեց հանրապետության արտաքին և ներքին անվտանգության գործիքները փոխելու և լրացնելու անհրաժեշտության մասին։ Նա նշեց, որ Ադրբեջանի հարձակումները ՀՀ–ի վրա հանգեցնում են նրան, որ արտաքին անվտանգության համակարգերը, որում երկար տարիներ ներգրավված է եղել երկիրը, անարդյունավետ են պետական շահերի և անվտանգության համար։
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ–ն հանդես եկավ հայտարարությամբ` Փաշինյանի ուղերձում հնչած պնդումները որակելով որպես ՌԴ–ի հասցեին ուղղված անընդունելի ելույթ։ Ռուսական կողմի կարծիքով` ակնհայտ է, որ փորձ է արվում վերացնել ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունը՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։