ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը քննարկել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային իրադրությանը և Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:
Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել այս շաբաթ Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։