ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Վերջին 5 տարիներին յուրաքանչյուր ճակատագրական սխալ անելուց Փաշինյանն արհամարհել է դիվանագիտական և ռազմավարական բոլոր խորհուրդները, արդյունքում ունենք այս արդյունքը` Արցախ այլևս չկա: Ֆեյսբուքյան իր տեսաուղերձում հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Մենք զոհ ենք, ահավասիկ, մի մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանը այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը: Նա չի կարողանում, և այսօր մեր առաջ նոր մարտահրավերներ են կանգնած, մենք մտնում ենք նոր ճակատագրական փուլ: Փաշինյան, դու խորհրդի կարիք ունես, այսօր քո բանակցային օրակարգը անկախ քեզանից գլխիվայր է փոխվել, երբ քեզ կոչ էր արվում ավելի հանգիստ պայմաններում փոխել այդ նարատիվը, դու չարեցիր, այսօր դա անկախ քեզանից է փոխվել, ուղղակի դու դրա պատասխանը չունես, դու չգիտես՝ այս նոր պայմաններում ոնց վարվես, դու տապալել ես ամբողջ գործընթացը»,– ընդգծեց Օսկանյանը:
Շարունակելով` նա ավելացրեց, որ այսօր մենք զոհ ենք գնում երկու տարբեր հարթությունում տեղի ունեցող սխալների՝ զուտ ղարաբաղյան հարցում, բանակցությունների սխալ սկիզբ և ընթացք, ինչպես նաև` ռուս-ուկրաինական հակամարտության սկսելուց հետո այս հարցում ստեղծված հակամարտության պայմաններում Փաշինյանի հերթական սխալները:
Օսկանյանը հիշեցրեց, որ Հայաստանն այսօր կորցրել է իր բոլոր բարեկամներին՝ թե գլոբալ, թե տարածաշրջանային. այսօր Հայաստանի կողքին կանգնող չկա:
«Այսօր մի բան պետք է անել: Մենք դիվանագիտական դաշտում անելիք ունենք, և կոնկրետ ղարաբաղյան բանակցություննների հարցում, և գլոբալ հարաբերությունների կոնտեքստում»,– ասաց նա:
Օսկանյանը կոչ արեց ընդդիմությանը հանդիպել Փաշինյանին և մինչև կյանքի վերջ երաշխիքներ տալ:
«Այս ճակատագրական փուլում սթափվեք։ Փաշինյան, դուք քո թիմի հետ նստեք, խոսեք, որոշում կայացրեք, որպեսզի մենք կարողանանք ինչ-որ մի բան փոխենք: Չենք կարող մենք Արցախ կորցնել, սա մեր հողն է, մեր պատմական հողն է: Ադրբեջանը որևէ հավակնություն այդ տարածքի հանդեպ չի կարող ունենալ, մենք այդ դուռը պետք է բաց թողնենք, և այդ դուռը բաց թողնելու հնարավորությունն այսօր կա: Մտածիր իմ այս առաջարկի մասին»,– հայտարարեց նա։
Իր տեսաուղերձում ՀՀ նախկին արտգործնախարարն անդրադարձավ նաև ԱՀ նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը և նրան առաջադրված մեղադրանքներին` նշելով, որ Արցախի ժողովրդի նկատմամբ պետական տեռոր իրականացնող պետությունը՝ Ադրբեջանը, որոշել է մեր ժողովրդի ճակատին դաջել տեռորիստի պիտակը:
«Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործերի հարուցումը, որը վերաբերում է տեռորիզմի ֆինասավորմանը, որ Ադրբեջանը իր վերջին վայրագությունները վերագրում է տեռորիզմի դեմ պայքարին, և այս բոլորի դեմ դուք (ՀՀ իշխանությունները–խմբ.) լռո՞ւմ եք, ոչ մի արձագանք չեք տալիս, չէ որ սա ամրագրվում է մարդկանց մտքերում, միջազգային հանրության մեջ»,– նկատեց նա:
Օսկանյանը հիշեցրեց, որ 30 տարվա ընթացքում որևէ պետություն, միջազգային հանրությունը և նույնիսկ Ադրբեջանը չէր խոսել տեռորիզմի մասին։
«Ուզում եք ասեք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունները երբ գալիս էին Արցախ, խոսում էին ղեկավարության հետ, տեռորիստների հետ էին խոսո՞ւմ, իսկապե՞ս: Ձեր լռությունը հենց այդ բոլորի հակառակն է վկայում: Ո՞ւր է արտաքին գործերի նախարար, ինչի՞ ձայն չի հանում»,– հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարարը:
Վերջում նա հիշեցրեց, որ որևէ ժամանակահատվածում Արցախը չի հայաթափվել, մինչդեռ այսօր ՀՀ իշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում ունենք այս տխուր պատկերը: