ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն հասած մեր հայրենակիցներից 91 հազար 31–ն արդեն հաշվառվել են։ Այսօր Հումանիտար կենտրոնում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա հիշեցրեց` հաշվառումը կարևոր է, որպեսզի հետագայում տեղահանված մեր հայրենակիցները կարողանան սոցիալական տարբեր ծրագրերից օգտվել։
Բաղդասարյանի խոսքով` արդեն 59.059 անձ ՀՀ տարբեր մարզերում օգտվել է տրամադրվող պետական աջակցությունից։
«Սա ենթադրում է, որ օգտվել են կա՛մ կացարաններից, կա՛մ կացարան ունեն, բայց օգտվել են այլ ծառայություններից, օրինակ` սնունդ է տրամադրվել, հիգիենիկ պարագաներ կամ դրամական միջոցներ»,– նշեց Բաղդասարյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։