ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտից չեն մեկնել: Տեղեկությունը ՏԱՍՍ-ին է հայտնել ԼՂ նախկին ղեկավարի մերձավոր շրջապատի աղբյուրը։
Այսօր առավոտյան լուր տարածվեց, որ նախկին նախագահները լքել են Ստեփանակերտը և արդեն Հայաստանում են։
«Երեք նախկին ղեկավարները Մոսկվայի ժամանակով 11:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով 12։00) գտնվում են Ստեփանակերտում։ Այս պահին բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ», - ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։