ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Նախօրեին Լեռնային Ղարաբաղ ժամանած ՄԱԿ-ի առաքելությունն ուշացած է։ Այս պահին այդ առաքելության միակ արդյունքը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման փաստի արձանագրումը: Այս մասին այսօր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ի դեպ
Հայկական կողմն ավելի վաղ՝ դեռևս շրջափակման շրջանում, բազմիցս պնդել էր, որ ՄԱԿ-ի առաքելությունը պետք է ուղարկվի Լեռնային Ղարաբաղ։ Այժմ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնիկ բնակչությունը լքել է իր տները։ Առաքելությունը դրանից հետո է միայն ժամանել ԼՂ։
Ավելին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն այսօր հայտարարել է, որ մեկ օրում ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման որևէ նշան չի հայտնաբերել, չի ստացել խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություն կիրառելու մասին որևէ հաղորդագրություն, չեն հայտնաբերել սատկած ընտանի կենդանիներ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում։
«ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հայկական կողմի շարունակական ահազանգերը, որ Ադրբեջանը կանխամտածված գործողություններով ծրագրում է Լեռնային Ղարաբաղը ենթարկել էթնիկ զտման, չհանգեցրին միջազգային հանրության՝ Բաքվի քաղաքականությունը կանխելու ուղղությամբ գործուն քայլերի: ԱԳ նախարարը շեշտել է, որ ԼՂ բնակչությունը՝ 100 հազարից ավել հայ, բռնի տեղահանման է ենթարկվել՝ գոյութենական վտանգ տեսնելով իրենց և իրենց ընտանիքների անդամների՝ ներառյալ երեխաների, կանանց ու տարեցների համար»,– նշված է տարածած հաղորդագրության մեջ։
Միրզոյանը նշել է, որ մինչ այդ Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ՝ հանգեցնելով 100-ավոր զոհերի և վիրավորների: Նա հիշեցրել է, որ ռազմական ագրեսիային նախորդել էր Լաչինի միջանցքի ավելի քան 9-ամսյա ապօրինի արգելափակումը:
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ–ում կազմակերպված այս հանդիպումը համակարգել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մասնակցել են փոխվարչապետներ Տիգրան Խաչատրյանը և Մհեր Գրիգորյանը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխվարչապետներ Տիգրան Խաչատրյանը և Մհեր Գրիգորյանը:
© Photo : official site of MFA of RA
ՀՀ փոխվարչապետները խոսել են ԼՂ–ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար մշակված սոցիալական ծրագրերի մասին, կարևորել են նաև միջազգային համագործակցությունը` կարիքները գնահատելու և հասցեական լուծումներ տալու նպատակով։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։