ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինն արձագանքել է ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարությանը:
Ավելի վաղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է անջատել ռուսական հեռուստաալիքները «հակահայկական կոնտենտի» պատճառով, որը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար: Բադալյանը նաև ավելացրել է, որ նման նախաձեռնության քննարկումն անցկացվում է արդեն տևական ժամանակ և քննարկման կդրվի Ազգային ժողովում:
«Զարմացած եմ հայ խորհրդարանականներից մեկի տարօրինակ հայտարարությունից։ Խոսքը Հայաստանում ռուսական հեռուստաալիքների «հնարավոր անջատման» մասին է։ Տոնայնությունը, ուղիղ ասենք` սկանդալային է։ Չգիտեմ՝ սա հակառուսական ալիքի վրա քաղաքական միավորներ վաստակելու փորձ է, թե ոչ։ Համոզված եմ, որ Հայաստանում նման լցոնումները աջակցություն չեն գտնի և չեն խաթարի մեր ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքերը՝ ի շահ ինչ-որ քաղաքական կոնյունկտուրայի։ Առավել ևս, որ կոնյունկտուրան ակնհայտորեն մտացածին է»,-գրել է Կարասինը Telegram-ի իր ալիքում։
Նա ավելացրել է, որ սեպտեմբերին Երևանում կայացած ռուս-հայկական մեդիաֆորումում մանրամասն քննարկվել են ինչպես ռուսական, այնպես էլ հայկական ալիքների հեռարձակման հարցերը:
Վերջում Կարասինն ընդգծել է, որ ՌԴ-ում ուշադիր կհետևեն այս հարցի զարգացումներին։