ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Telegram ալիքում հայտնել է, որ հավանություն է տվել դստեր` Այշատ Կադիրովայի թեկնածությանը սոցիալական բլոկի գծով տարածաշրջանի կառավարության փոխնախագահի պաշտոնի համար։Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Խորհրդակցության ընթացքում (Չեչնիայի կառավարության նախագահ) Մուսլիմ Մագոմեդովիչը (Խուչիև) առաջարկեց Այշատ Կադիրովային, որը զբաղեցնում է ՉՀ մշակույթի նախարարի պաշտոնը, առաջադրել սոցիալական բլոկի գծով ՉՀ կառավարության փոխնախագահի պաշտոնի համար։ ՉՀ նախկին փոխվարչապետ Մուսա Դադաևը հետագայում կգլխավորի մշակույթի նախարարությունը», – գրել է Չեչնիայի նախագահը։
Կադիրովն աջակցել է Խուչիևի առաջարկին` նշելով, որ Այշատը մեծ ներդրում է ունեցել մշակույթի նախարարության աշխատանքի բարելավման գործում և զգալի փորձ է կուտակել։ Չեչնիայի ղեկավարը նշել է նաև Դադաևի վաստակը, որն իրեն դրսևորել է որպես պրոֆեսիոնալ, որը կկարողանա շարունակել գերատեսչության աշխատանքը դրական ուղղությամբ։
Չեչնիայի նախագահի ավագ դուստրը` Այշատ Կադիրովան, ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 31-ին Չեչնիայի Հանրապետության Կուրչալոևսկի շրջանի Ցենտորոյ գյուղում։ Ավարտել է Չեչնիայի պետհամալսարանը, 2016 թվականից ղեկավարում է Firdaws նորաձևության տունը։ 2020 թվականին նշանակվել է Չեչնիայի մշակույթի առաջին փոխնախարարի պաշտոնում, 2021–ից գերատեսչության ղեկավարն է։