ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ու Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա Ալ-Հարիսն այսօր քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել մայրաքաղաք Մասկատում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Քննարկվել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարները, կարևորվել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խթանումը: Մասնավորաբար, անդրադարձ է արվել վերականգնվող էներգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, առողջապահության ոլորտներում, ինչպես նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում համագործակցության կարևորությանը։
«Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տարածաշրջանային և անվտանգային խնդիրներին»,– նշված է հաղորդագրության մեջ:
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է ադրբեջանական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը։
Այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը նաև հանդիպել է Օմանի առևտրի, արդյունաբերության և ներդրումների առաջմղման նախարարի տեղակալ Իբթիսամ Ահմեդ Սաիդ ալ-Ֆարուջիի հետ: