ԵԱՏՄ երկրները միության շուկա շինանյութերի մուտքի համար միասնական պահանջներ կսահմանեն

Այդ միջոցառումները պետք է ապահովեն սպառողների պաշտպանությունը ոչ անվտանգ արտադրանքից և հավասար մրցակցային պայմաններ ստեղծեն հայրենական արտադրողների համար, նշել է Վիկտոր Նազարենկոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Ընթանում է միությունում շինարարության ոլորտի նկատմամբ միասնական պարտադիր պահանջներ սահմանող փաստաթղթի նախապատրաստումը։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն։
ԵՏՀ մամուլի ծառայությունը նշում է, որ հանձնաժողովի պատվիրակությունը՝ Նազարենկոյի գլխավորությամբ, մասնակցել է «Տեխնիկական կարգավորման գործիքները շինարարության մեջ. մոտեցումները ԵԱՏՄ անդամ երկրների ինտեգրման պայմաններում» միջազգային համաժողովին։ Համաժողովի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական միության «Շինանյութերի և արտադրատեսակների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի նախագծի ստեղծման հարցերով միջպետական աշխատանքային խմբի նիստը:
«ԵԱՏՄ-ի համար միասնական տեխնիկական կանոնակարգի ընդունումը կարևոր քայլ կդառնա շինարարության ոլորտում ինտեգրման խորացման ուղղությամբ։ Դրա իրականացումը թույլ կտա բարենպաստ պայմաններ ստեղծել տեխնոլոգիաների զարգացման և թողարկվող արտադրանքի որակի բարձրացման համար»,-ընդգծել է ԵՏՀ նախարարը։
Նրա խոսքով՝ միասնական տեխնիկական կանոնակարգը պետք է շինանյութերի համար համապատասխանության գնահատման ձևաչափեր սահմանի։
«Դրանք կապահովեն սպառողների պաշտպանությունը ոչ անվտանգ արտադրանքից և հավասար մրցակցային պայմաններ կստեղծեն հայրենական արտադրողների համար։ Կարևոր է նույնականացման հստակ կանոններ սահմանել, ապահովել պիտանիության հաստատման ընթացակարգի թափանցիկությունը, առաջին հերթին՝ ներմուծվող արտադրանքի նկատմամբ»,-նշել է Վիկտոր Նազարենկոն։