ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ նախատեսում է մինչև տարեվերջ Ուկրաինայի համար շուրջ 5 մլրդ եվրոյի ռազմական օգնություն համաձայնեցնել 2024 թվականի համար։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Բորելն այդ մասին ասել է ԵՄ երկրների արտգործնախարարների` Կիևում կայացած ոչ պաշտոնական հանդիպումից հետո։
«Ես առաջարկել եմ Ուկրաինային հաջորդ տարվա համար մինչև 5 մլրդ եվրոյի ռազմական օգնության նոր երկկողմանի բազմամյա փաթեթ տրամադրել Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Հուսով եմ, որ ԵՄ բազմամյա բյուջեում փոփոխությունների համաձայնեցման ընթացքում կարող ենք այդ հարցի շուրջ համաձայնագիր կնքել մինչև տարեվերջ», – հայտնել է Բորելը։
Նա հաստատել է նաև, որ ԵՄ–ն մինչև տարեվերջ մտադիր է շուրջ 40 հազար ուկրաինացի զինվորական ու F-16–երի համար օդաչուներ պատրաստել։
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։