ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանցի օգտատերերը փորձում են զանգվածային խմբագրումների միջոցով փոխել ՀՀ բնակավայրերի անունները առցանց քարտեզներում։ Sputnik Արմենիային այդ մասին հայտնեց կիբեռանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Սոցցանցերի հայկական հատվածում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ՀՀ տարածքների և տարբեր այլ կառույցների հասցեներն ու անվանումները սկսել են փոխել ադրբեջանական իրենց տարբերակներով։
«Ադրբեջանցիներն ակտիվորեն փորձում են փոխել քարտեզները։ Բանն այն է, որ քարտեզների վրա (Google, Yandex և այլն) կոնկրետ որևէ օբյեկտ տեղադրում են օգտատերերը։ Եթե շատ օգտատերեր նպատակային և մեկ տեքստով օնլայն քարտեզներում որոշեն փոփոխություններ կատարել, ապա դրանք կարող են հաստատվել: Ադրբեջանցիներն էլ օգտվում են դրանից»,– ասաց Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ 2020 թ. պատերազմի ժամանակ էլ ադրբեջանցիները նույնն են արել. մի մեծ խումբ առաջարկում է վերանվանել տվյալ օբյեկտի անվանումը, և առցանց քարտեզներն ինքնաբերաբար ընդունում են այդ խմբագրումները:
Ըստ Մարտիրոսյանի` ադրբեջանցիների այս գործողություններին կարող ենք հակազդել, եթե տեղի օգտատերերով բողոքարկենք նման փոփոխությունները։
«Ցավոք, քարտեզները թույլ են տալիս նման մանիպուլյացիաներ իրականացնել։ Սեպտեմբերի առավոտյան, օրինակ` նույն իրավիճակն էր «Յանդեքսի» դեպքում, բայց հավելվածն արագ վերականգնեց իր քարտեզը»,– նկատեց Մարտիրոսյանը։
Միաժամանակ, ըստ նրա` ցանկալի է, որ պետությունն իր կողմից ևս դիմի առցանց քարտեզների սեփականատերերին` անվանափոխությունների գործընթացը վերահսկելու համար։
Այս ամենը, փորձագետի խոսքով` տեղեկատվական պատերազմի մի մասն է, որին կարող են հակազդել հայ առանձին օգտատերեր ևս։