ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Առողջապահական համակարգում առկա են թափուր հաստիքներ, որոնց համար կարող են դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Բարձրագույն և միջին բժշկական կրթություն ունեցողների համար հանրապետությունում առկա թափուր հաստիքների մասին տեղեկատվությունը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքում։ Նշվում է, որ տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է:
«Բուժաշխատողների կրթական և զբաղվածության կարիքները վեր հանելու և հոգալու համար խնդրում ենք դիմել Առողջապահության ազգային ինստիտուտ՝ 096 14 40 83 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-19:00-ը»,– տեղեկացնում են նախարարությունից:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հարցերի դեպքում կարող են դիմել նաև Առողջապահության ազգային ինստիտուտ, որտեղ նաև անվճար խորհրդատվություն է տրամադրվում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։