ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Մինչև 18 տարեկան շուրջ 27 հազար երեխա և 10 հազարից ավելի 65 տարեկանից բարձր քաղաքացի է բռնի տեղահանվել Արցախից Հայաստանի Հանրապետություն։ Ճեպազրույցի ժամանակ վերջին տվյալները հայտնեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նա տեղեկացրեց, որ 45 հազարից ավելի մարդ եկել է Ստեփանակերտից, Մարտունու շրջանից` ավելի քան 15 հազար, Մարտակերտի շրջանից` ավելի քան 13 հազար, Ասկերանի շրջանից` ավելի քան 10 հազար։
«Արցախից բռնի տեղահանվածների մեջ այս պահին հաշվառվել է 230 հղի կին, 2000–ից ավելի հաշմանդամություն ունեցող անձ»,– նշեց Ղազարյանը։
Այս պահին, ըստ նրա` կա դեռևս 10 հազարից ավելի չհաշվառված քաղաքացի։ Ղազարյանը հայտարարեց, որ հաշվառման համար Երևանում կարող են դիմել նաև թաղապետարաններին, Փարաքարի մշակույթի տանը ևս կա հաշվառման կենտրոն։
Այս պահին դեռևս հստակ տվյալներ չկան, թե քանի անձ չունի փաստաթուղթ, սակայն ըստ հավաքագրվող տվյալների` նրանց թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի։
Ղազարյանը նրանց բոլորին կոչ արեց մոտենալ անձնագրային ծառայությունների բաժիններ և անձնագրի բացակայության կամ կորուստի մասին դիմումներ ներկայացնել։ Բոլոր արցախցիները կսպասարկվեն արտահերթ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։