ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Այս պահի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 520 քաղաքացի է տեղափոխվել ՀՀ։ Ճեպազրույցի ժամանակ վերջին տվյալները հայտնեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա նաև նշեց, որ Հակարիի կամուրջը հատել է 21 700 տրանսպորտային միջոց։ «Նախորդ երեկոյից ցուցանիշը գրեթե չի փոփոխվել»,– նշեց նա։
Բաղդասարյանը տեղեկացրեց, որ 89 167 անձ արդեն հաշվառվել է, 54 տոկոսը կամ 53 935 անձ արդեն իսկ օգտվել է պետության տրամադրած կացարանից։
«Բաշխվածությունը հետևյալ կերպ է` Արագածոտն 2 454, Արարատի մարզ` 13 050, Արմավիր` 5 186, Գեղարքունիք` 4 337, Լոռի` 2 363, Կոտայք` 13 297, Շիրակ` 2 558, Սյունիք` 5 089, Վայոց ձոր` 2 134, Տավուշ` 2 567»,– տեղեկացրեց նա։
ՀՀ վարչապետի խոսնակն ավելացրեց, որ այս շաբաթվանից սկսվելու են արդեն 100 հազարական դրամների բաշխումը։ «Այն բոլոր անձինք, որոնք ունեն բանկային քարտեր, ապա դրանց տվյալները պետք է փոխանցել միասնական սոցիալական ծառայությանը։ Մյուս մեր համաքաղաքացիներին հորդորում ենք բանկային հաշիվներ բացել ու այդ տվյալները ևս փոխանցել կենտրոն»,– ասաց Բաղդասարյանը։
Նա ընդգծեց, որ ՀՀ կենտրոնական բանկի հետ արդեն կա պայմանավորվածություն, որ բանկային հաշիվները կբացվեն անվճար։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։