ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում ավելի քան 1000 բեռնատար մեքենա է հերթում սպասում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հանրապետությունում ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի մամուլի ծառայությանը։
«Ընդհանուր առմամբ հերթում կա 1214 բեռնատար մեքենա, որից կանաչ գոտում՝ 300 բեռնատար։ Իրավիճակն անցակետում սովորական է», - հայտնել են մամուլի ծառայությունից։
Երթևեկության կազմակերպման կենտրոնից պարզաբանել են, որ հերթերը պայմանավորված են հոկտեմբերի 1-ից ճկուն արտահանման մաքսատուրքեր սահմանելու Ռուսաստանի կառավարության որոշման հետ՝ կապված ներքին շուկան պաշտպանելու նպատակով ռուբլու փոխարժեքի հետ։
«Հաշվի առնելով ձեռնարկված միջոցները՝ տարանցիկ տրանսպորտային միջոցների անցման հետաձգումը կապված է իրավաբանական անձանց կողմից մաքսային վճարների վերահաշվարկման հետ։ Այդ իրավաբանական անձիք բեռնատար տրանսպորտով տեղափոխվող ապրանքների սեփականատերերն են»։
Մամուլի ծառայությունից նշել են, որ ապրանքների մաքսային ձևակերպման ընթացակարգի ավարտից հետո տրանսպորտային միջոցը մեկնում է Ռուսաստանից՝ էլեկտրոնային հերթի համաձայն։