ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Վերջին 4 ժամում Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների թիվն ավելացել է 7-ով։ Ընդհանուր առմամբ արդեն Հայաստան է ժամանել 100 490 անձ։ Տեղեկությունը հումանիտար կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Այս պահին Հակարի կամուրջը հատել է 21 103 տրանսպորտային միջոց։ Այս ժամի դրությամբ արդեն իսկ ունենք 84 956 անձ, որոնք հաշվառվել են։ Նրանցից 41 056–ը արական սեռի ներկայացուցիչներ են, իսկ 43 900-ը` իգական»,– ասաց Բաղդասարյանը։
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ տեղաբաշխում տեղի է ունենում Հայաստանի տարբեր մարզերում, դրան զուգահեռ էլ ճշգրտվում են բոլոր այն մեխանիզմները, որոնցով իրագործվելու են սոցիալական ծրագրերը։
Ներկայում 47 322 մարդ արդեն իսկ օգտվել է պետության առաջարկած կացարանից։
Ըստ մարզերի բռնի տեղահանված քաղաքացիները տեղաբաշխվել են հետևյալ կերպ.
Արագածոտնի մարզում ժամանակավոր կացարան է ստացել 2317 մարդ,
Արարատի մարզում` 12 395,
Արմավիրի մարզում` 4308,
Գեղարքունիքի մարզում` 3848,
Լոռու մարզում` 2435,
Կոտայքի մարզում`11 368,
Շիրակի մարզում` 2231,
Սյունիքի մարզում` 4175,
Վայոց Ձորի մարզում` 1923,
Տավուշի մարզում` 2322։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։