Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ դեռ կմնա Ստեփանակերտում

Արցախի կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիների հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Տեղեկացնում ենք նաև, որ կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ տեղափոխվել ցանկացող այն քաղաքացիների հարցը, ովքեր տարբեր պատճառներով հնարավոր է, որ գտնվելիս լինեն Հանրապետության տարածքում»,–ասվում է շտաբի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։