Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՄԱԿ առաքելությունն արդեն Արցախում է

ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ առաքելության անդամները Աղդամով (Ակնա) անցել են Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։
Առաքելության նպատակն է տեղում իրավիճակին ծանոթանալը և բնակիչների մարդասիրական կարիքները որոշելը: Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ։
Հայկական կողմն ավելի վաղ՝ դեռևս շրջափակման շրջանում, բազմիցս պնդել էր, որ ՄԱԿ-ի առաքելությունը պետք է ուղարկվի Լեռնային Ղարաբաղ։ Այժմ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնիկ բնակչությունը լքել է իր տները։ Առաքելությունը դրանից հետո միայն ժամանել ԼՂ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։