ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար տեղական հաղորդակցության էլեկտրական գնացքներով անվճար երթևեկելու իրավունք է ընձեռում։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Հնարավորությունն ընձեռվում է հոկտեմբերի 1-ից` ամենօրյա ռեժիմով։ ԼՂ–ից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված քաղաքացիները կարող են երթևեկել հետևյալ ուղղություններով.
Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 684/687 էլեկտրագնացք
Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 686/685 էլեկտրագնացք
Գյումրի-Երևան-Գյումրի՝ թիվ 681/682 էլեկտրագնացք
Արաքս-Երևան-Արաքս՝ թիվ 7010/7011 էլեկտրագնացք
Երասխ-Երևան-Երասխ՝ թիվ 6512/6517 էլեկտրագնացք
Ընկերությունը նշում է, որ էլեկտրագնացքով երթևեկելու համար անհրաժեշտ է գնացքի վերահսկիչին ներկայացնել անձնագիրը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։