ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Իսպաներենը կարող է դառնալ «բարեկամական աշխատանքային լեզու» ՀԱՊԿ խորհրդարանայկան վեհաժողովում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է կազմակերպության պատասխանատու քարտուղար Սերգեյ Պոսպելովը։
«Մեր կազմակերպության պաշտոնական լեզուն ռուսերենն է, սակայն ես համոզված եմ, որ առաջիկայում նաև իսպաներենը կդառնա մեր բարեկամական աշխատանքային լեզուն` ինչպես արդեն դարձել է սերբերենն ու դառնում են չինարենը, պարսկերենն ու արաբերենը», – «Ռուսաստան–Լատինական Ամերիկա» գիտաժողովի ժամանակ ասել է նա։
Պոսպելովը հայտնել է նաև, որ ՀԱՊԿ ԽՎ–ն աշնանը կարող է ընդունել մոդելային օրենք կազմակերպության տարածքում բժշկակենսաբանական անվտանգության մասին։
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Մոսկվայում Պետդումայի նախաձեռնությամբ անցկացվում է «Ռուսաստան–Լատինական Ամերիկա» առաջին միջազգային խորհրդարանական գիտաժողովը։ Միջոցառմանը ժամանել է ավելի քան 200 մասնակից, այդ թվում խորհրդարանականներ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների մեծ մասից, փորձագիտական հանրության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ և դիվանագետներ։ ՌԴ գործընկերների հետ նրանք կքննարկեն միջազգային խորհրդարանական օրակարգի արդիական հարցեր։
ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազասխտանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։