ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Իրանի Կարմիր մահիկը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար պատրաստվում է մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում են իրանական ԶԼՄ–ները։
Նշվում է, որ ուղարկվելու է 50 տոննա օգնություն։
Լինելու են հիգիենայի պարագաներ, սնունդ, ծածկոցներ, հագուստ, տաք սարքեր։ Բեռները կշարժվեն առաջիկայում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։