Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՀՀ–ում Ռուսական տունը օգնության հերթական խմբաքանակն է տանում ԼՂ–ից տեղահանվածների համար

Նախատեսվում է իրերը հասցնել Գորիսի հյուրանոցներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչություն) այսօր մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է տանում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին։
«Հայաստանում Ռուսական տունը մարդասիրական բեռի հերթական խմբաքանակն է հասցնում Գորիս։ Իրերի ցանկը նույնն է` տակդիրներ, տաք հագուստ և շոկոլադե կրեմ երեխաների համար։ Նախատեսվում է իրերը տանել այն հյուրանոցներ, որտեղ կայանել են մարդիկ, որոնք հնարավորություն չունեն ինքնուրույն լքել սահմանամերձ շրջանը», – նշվում է գերատեսչությաn Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
ՀՀ–ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի խոսքով` մայրուղին, որի վրա մի քանի օր առաջ տեղահանվածների մեքենաներով խցանումներ էին առաջացել, ներկա պահին դատարկ է։
ՀՀ նախարարների կաբինետի տվյալներով` ԼՂ–ից ՀՀ սեպտեմբերի 24-ից ի վեր արդեն 100 483 մարդ է տեղափոխվել։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։