ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Կիպրոսի ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները սերտ համագործակցության շնորհիվ շարունակում են ամրանալ՝ ռազմավարական համագործակցության հիմք հանդիսանալով: Այս մասին ասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում, որը նա Կիպրոսի Անկախության օրվա առթիվ հղել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հայաստանը կարևորում է բարեկամ Կիպրոսի հետ եղբայրական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը։ Երկու երկրների միջև տարբեր մակարդակներով հանդիպումների ինտենսիվությունը վկայում է առկա փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու մեր հաստատուն հանձնառության մասին»,–ասվում է Փաշինյանի ուղերձում:
Փաշինյանը համոզված է, որ համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու երկրների փոխգործակցությունն էլ ավելի կամրապնդվի՝ ի շահ բարեկամ երկու ժողովուրդների։