ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն Իրանում է

Արմեն Գրիգորյանը Թեհրանում պատրաստվում է հանդիպել իրանցի գործընկերոջ հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում է։ Տեղեկությունը հայտնում են իրանական ԶԼՄ–ները։
«Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր ժամանել է Թեհրան, որպեսզի հանդիպի իր իրանցի գործընկերոջ` Ալի Աքբար Ահմադիանի, ինչպես նաև մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,– գրում են լրատվամիջոցները։
Հիշեցնենք` Գրիգորյանն օգոստոսի 7-ին Ահմադիանի հետ հեռախոսազրույց էր ունեցել, որի ընթացքում կողմերը խոսել էին Հայաստան–Իրան տնտեսական համագործակցության, ինչպես նաև հետագա փոխգործակցության հարցերի շուրջ։
Նշենք, որ նախորդ անգամ Գրիգորյանն Իրան էր մեկնել ապրիլի 9-ին։ Նա հանդիպել էր Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի այն ժամանակվա քարտուղար Ալի Շամխանիի հետ։ Նրանք քննարկել էին Հարավային Կովկասում սահմանների հնարավոր փոփոխության մասին, որի ժամանակ Շամխանին ասել էր` սահմանների ցանկացած փոփոխություն հղի է լարվածության սրմամբ, ինչն էլ կխարխլի կայությունն ու անվտանգությունը։