Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Երեկ 18։00–ից հետո ընդամենը 3 արցախցի է Հակարիի կամրջով անցել Հայաստան. պաշտոնական

Արցախից բռնի տեղահանվածների թիվն այս պահի դրությամբ 100 483 է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվն այս պահի դրությամբ 100 483 է։ Այս մասին հումանիտար կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Այս պահի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 21 079 տրանսպորտային միջոց, իսկ հաշվառվածների թիվը կազմում է 84 հազար 408»,– նշեց Բաղդասարյանը։
Նշենք, որ երեկ 18։00–ի տվյալներով` Արցախից բռնի տեղահանված 100 հազար 480 մարդ էր Հակարիի կամրջով եկել Հայաստան։
Բաղդասարյանի խոսքով` պետության կողմից տրամադրված կացարաններից օգտվել է 45 516 մարդ։
Ըստ մարզերի քաղաքացիները տեղաբաշխվել են հետևյալ կերպ.
Արագածոտնի մարզում ժամանակավոր կացարան է ստացել 2262 մարդ,
Արարատի մարզում` 12 638,
Արմավիրի մարզում` 3943,
Գեղարքունիքի մարզում` 3516,
Լոռու մարզում` 2252,
Կոտայքի մարզում`11 132,
Շիրակի մարզում` 2114,
Սյունիքի մարզում` 3655,
Վայոց Ձորի մարզում` 1756
Տավուշի մարզում` 2129։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։