ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հնագետները Եգիպտոսի կենտրոնական հատվածում գտնվող Սոհագ գավառում պեղումների ժամանակ 5000 տարեկան գինու մնացորդներով հարյուրավոր սափորներ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է երկրի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը։
«Եգիպտոսի, Գերմանիայի և Ավստրիայի հնագիտական առաքելությունը, որն աշխատում էր Սոհագում գտնվող Աբիդոսի Ում Էլ-Քաաբ շրջանում, Առաջին դինաստիայի թագուհի Մերնեյտի դամբարանի մոտ, հարյուրավոր փակ սափորներ է հայտնաբերել, որոնք նախկինում չեն բացվել։ Սափորների մեջ գինու մնացորդներ կային», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել է Եգիպտոսի հնությունների հարցերով բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրին, հայտնաբերված սափորները լավ վիճակում են։ Նրա խոսքով` սափորի մեջ հայտնաբերված գինին մոտավորապես 5000 տարեկան է։
Նախարարությունը հավելել է, որ սափորներից բացի, պեղումների ժամանակ նաև թաղման կահույք է հայտնաբերվել։