Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ատելություն չսերմանել, չմասնատել ժողովրդին. Գարեգին Երկրորդի հորդորը պետական այրերին

Ամենայն հայոց կաթողիկոսը վստահ է` ակնհայտ հարկադրանքի ներքո խաղաղության հաստատման գործընթացում դրսևորվող շտապողականությունը հանգեցրել է ընդվզման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հայաստանի պետական այրերին հորդորում է բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ատելություն չսերմանել, չմասնատել ժողովրդին և առկա հիմնախնդիրներին արժանապատիվ հանգուցալուծում ապահովել։ Այս մասին ասաց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Արցախի համար համազգային աղոթքի ժամանակ։
Հետևում եմ ԼՂ–ում փախստականների հետ կապված դրամատիկ իրավիճակին. Հռոմի պապի կոչը
Նա ընդգծեց, որ այսօր հայաթափվում է Արցախ աշխարհը։ Կաթողիկոսը վստահեցրեց` այս ամենին հանգեցրել են Ադրբեջանի զավթողական, ցեղասպանական գործողությունները, աշխարհի անհամարժեք արձագանքը, Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և հայ ժողովրդի երկպառակությունը։
«Այսօր Հայաստանի Հանրապետությունն է նույն սպառնալիքի առջև, անթաքույց խոսվում է ինքնիշխանության և պետականության կորստի վտանգների մասին։ Անվտանգային մարտահրավերները, տարածքային կորուստները, ակնհայտ հարկադրանքի ներքո խաղաղության հաստատման գործընթացում դրսևորվող շտապողականությունը և հասարակության հետ շփման կետերն անվստահության մթնոլորտ են առաջացրել։ Այս ամենն էլ իր հերթին ընդվզում է առաջացրել։ Սա ստեղծված պառակտության մեջ կարող է ցավալի զարգացումների առաջ կանգնեցնել»,-ասել է նա։
Վեհափառ հայրապետի պնդմամբ` հայրենիքն այս վտանգավոր պայմաններից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ճիշտ գնահատել աշխարհաքաղաքական իրողությունները։
«Առկա դժվարին պայմաններում մենք` որպես ժողովուրդ, դարձել ենք ամեն կողմից ճնշված, բայց ոչ հուսահատ, հալածված, բայց ոչ չարչարված։ Մեր հավատը, հույսը, հայրենասիրությունն ու ազգանվիրումը երբեք հնարավոր չէ սպանել, այդ իսկ պատճառով հանուն Արցախի համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է»,– նշեց Գարեգին Երկրորդը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում և բոլոր եկեղեցիներում աղոթք է բարձրացվում ի զորակցություն Արցախի ժողովրդի, որը բռնի կերպով տեղահանվել է իր հայրենի հողից` ենթարկվելով տառապանքների։