ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված 100 514 քաղաքացի ժամը 20։00-ի դրությամբ արդեն Հայաստանում է։ Այս մասին հումանիտար կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Մարդկանց տեղահանման գործընթացն արդեն մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Այս պահին Հակարիի կամուրջն արդեն հատել է 21 106 տրանսպորտային միջոց։ Այսօր Գորիսից ևս մեկ ավտոբուս մեկնել է Ստեփանակերտ, որպեսզի տեղափոխեն բոլոր այն մարդկանց, որոնք ցանկանում էին գալ Հայաստան։ Ավտոբուսն արդեն վերադարձել է և մոտ 15 ուղևոր է բերել»,– նշեց Բաղդասարյանը։
Նա նշեց, որ այս պահի դրությամբ հաշվառվել է 85 975 քաղաքացի. 49 տոկոսը տղամարդիկ են, 51-ը` կանայք։
Բաղդասարյանի խոսքով` ընդհանուր առմամբ տեղափոխվել է 222 հղի, 2105–ն էլ հաշմանդամություն ունեցող անձ է։ Վիրավորների թիվը 283 է։
Ըստ մարզերի բռնի տեղահանված քաղաքացիներից պետության կողմից տրամադրված ժամանակավոր կացարան ստացել է 48 649 մարդ։
Տեղաբաշխումը կատարվել է հետևյալ կերպ.
Արագածոտնի մարզում` 2305 մարդ,
Արարատի մարզում` 12 445,
Արմավիրի մարզում` 4461,
Գեղարքունիքի մարզում` 3996,
Լոռու մարզում` 2686,
Կոտայքի մարզում`11 630,
Շիրակի մարզում` 2275,
Սյունիքի մարզում` 4592,
Վայոց Ձորի մարզում` 1937
Տավուշի մարզում` 2322։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։