Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Արցախի վանքերն ու եկեղեցիները վտանգված են. հայր Գարեգինն այս պահին միայն մեկ ելք է տեսնում

Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանության գրասենյակը դիմել է միջազգային կառույցներին, որ ուսումնասիրողների խումբ այցելի այն վայրեր, որտեղ գտնվում են հայկական պատմական ժառանգությունները և արձանագրի այսօրվա իրողությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը փորձում է Արցախում վերացնել հայկական ցանկացած վկայություն, ուստի պետք է անկախ մոնիթորինգ իրականացվի թշնամու տիրապետության տակ մնացած հայկական պատմական ժառանգության նկատմամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն հայր Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
Հայր Գարեգին վարդապետ Համբարձումյան
Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր` ինչպես են ադրբեջանցի երկու զինծառայող կրակում Արցախի Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի 13-րդ դարի վանական համալիրի վրա։
Նման պահվածքը հայր Գարեգինը համարում է թշնամու կողմից ևս մեկ քայլ հայի ոգին կոտրելու և հայերի հոգևոր ապրումները նսեմացնելու ուղղությամբ։
«Առկախված այգի. Դադիվանք և անդին». Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ցուցահանդես բացվեց
«Կարծում եմ` ողբերգական է յուրաքանչյուր հայիս համար տեսնելը, թե ինչպես է որևէ վանք այդպիսի վիճակում հայտնվում։ Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը կանգ չի առնում և որքան էլ խոսում ենք խաղաղության մասին (և որոշ մարդկանց մոտ դա կարող է լավատեսության հույս բերել), իրականում Ադրբեջանի քայլերն այլ բան են ցույց տալիս։ Հայկական մշակույթի կամ ժառանգության ոչնչացմամբ զբաղվողորևէ երկրի հետ մենք չենք կարող կոնսենսուսային որևէ համաձայնության գնալ»,–նշեց նա։
Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրենն ընդգծեց, որ պատերազմից ի վեր լծված են ԼՂ–ում հոգևոր մշակութային ժառանգության պահպանման գործին, դիմել և դիմում են միջազգային հանրությանը` պահանջով, խնդրանքով և հորդորով, որ համապատասխան քայլեր ձեռնարկվեն։ Այդ քայլերը նախ և առաջ ենթադրում են անկախ մշտադիտարկում։
«Պետք է անկախ գիտնականների խումբ, ուսումնասիրողների խումբ այցելի այն վայրեր, որտեղ գտնվում են մեր պատմական ժառանգությունները և արձանագրեն այսօրվա իրողությունը` տեսանյութերով, լուսանկարներով, ինչպիսի վիճակում է այսօր գտնվում, որպեսզի հնարավորինս կանխվի հետագա քանդումն ու պղծումը»,–նշեց հայր Գարեգինը։
Սակայն դեռևս հայ եկեղեցու դիմումների արձագանքներն այնպիսին են, ինչպիսին Արցախում հազարավոր մարդկանց կյանքերին վերաբերող` բարոյական կետի վրա, դատապարտող, բայց առանց գործուն քայլերի։
Վարդապետ Համբարձումյանը ուրախ է գոնե, որ միջազգային կառույցների կողմից ժառանգության ինքնության վերաբերյալ տարակարծություն չկա։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը ջանք չի խնայում, որ հայկական մշակութային հարստությունը ներկայացնի իբրև աղվանական։
Ադրբեջանը շարունակում է Արցախում մշակութային վանդալիզմը. ավերել են Հալիվորի կամուրջը
«Այս առումով գոնե մխիթարական է, որ միջազգային, միջեկեղեցական կառույցները հայ եկեղեցու հետ են։ Մենք դա ներկայացնում ենք ոչ միայն հայկական, այլ համաքրիստոնեական ժառանգություն»,–հավելեց նա։
Բացի դա Հայր Գարեգինը համոզմունք ունի, որ հայ հոգևորականն ու ուխտավորը պետք է կարողանանանարգել այցելել թշնամու տիրապետության տակ գտնվող հայկական սրբավայրեր` Դադիվանք, Ամարաս, Ծիծեռնավանք և այլն։
«Այսօր միջազգային որևէ իրավունք, որը ենթադրում է կրոնական իրավունք, պետք է դատապարտի այս փաստը, որ հայ հավատացյալը զրկված է իր հոգևոր կյանքը նորմալ կերպով ապրելուց,և, հետևաբար միջազգային կառույցները պետք է զբաղվեն ոչ միայն ժառանգությամբ, այլ մարդու իրավունքներով։ Հավատացյալը պետք է օժտված լինի իրավունքով` այցելելու իր պատմական ժառանգություն ունեցող վանքեր եկեղեցիներ»,–կարծում է նա։
Ի դեպ,նման նախադեպ ունենք. Ախթամարի Սուրբ խաչ եկեղեցում, որը դարձել է հայի համար խորհրդանշական վայր, տարին մեկ անգամ անցկացվում է պատարագ, հնչում է շարականը, իսկ մարդիկ գնում են եկեղեցում աղոթելու։
Վանդալիզմ Արցախում. ադրբեջանցի զինվորականները պղծել են հայկական խաչքարը
2020 թվականի պատերազմից հետո մի քանի անգամ հայ ուխտավորները Դադիվանք գնալու հնարավորություն ունեցել են, պատարագներ են մատուցվել , սակայն այս փուլում հոգևորականը դժվար է համարում այդ մասին խոսել. սկզբում պետք է ներկա ատելության միջավայրը թոթափվի։
Այնուամենայնիվ, Հայր Գարեգինն ընդգծում է` ցանկացած իրավիճակում հոգևորականն իր առաքելությունն ու հոգևոր ծառայությունն է մատուցում։ Այժմ էլ Արցախում այնտեղ մնացած մարդկանց կողքին են, և նա համոզված է` հոգևորականները պետք է ամենավերջինը թողնեն այդ տարածքները։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։