Հայաստանի կառավարությունը պարտավոր է ոչ միայն ընդունել Արցախից բռնի տեղահանված հայերին, այլև հաշվառել նրանց գույքային, առողջական, բարոյական վնասները և հավաքված փաստերով հարուցել քրեական գործեր։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման դիտարկում արեց արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։
Հետո արդեն ուշ է լինելու. Գևորգ Դանիելյան
«Լավ կլիներ, որ այս մարդիկ նախ գրանցվեին որպես տուժողներ, քրեական գործ հարուցվեր, որովհետև վաղը մենք պետք է կարողանանք վնասի հատուցում պահանջել, որպեսզի մեր դեմ ուղղված հայցերին կարողանանք պատասխանել։ Բայց, ցավոք, դա չի արվում»,– նկատեց Դանիելյանը։
Անգամ սոցիալական խնդիրները, նրա դիտարկմամբ, ամբողջական չեն գույքագրվում։ Այս պահին լուծվում է միայն ժամանակավոր բնակության խնդիրը, այն էլ ոչ ամբողջական։ Մարդկանց հարցնում են՝ բնակվելու տեղ ունե՞ն։ Եթե այո, պետությունը հարցը համարում է լուծված։
«Ադրբեջանի սոցիալական պատասխանատվությունը այս մարդկանց նկատմամբ չի ձևակերպվում, չի ընդգծվում։ Իսկ Ադրբեջանը հատուկ տեսաձայնագրում է մարդկանց, սահմանին հարցնում են. «Կամավո՞ր եք գնում», անգամ հարցնում են. «Հայաստանում եք ապրելո՞ւ, թե՞ ոչ»։ Սա հատուկ իրենց կողմից պետականորեն տարվող քաղաքականություն է», – շեշտում է նախկին նախարարը` հավելելով` այն, որ ադրբեջանական տեսանկարահանումներն իրականացվում են սպառնալիքի տակ, բացահայտվել են լրատվամիջոցների հետաքննության շնորհիվ։ Պետական մակարդակով այս առումով ևս հետագայում Ադրբեջանի հավաքած փաստերին հակադարձելու որևէ աշխատանք չի տարվում։
«Հետո արդեն ուշ է լինելու։ Հիմա այս մարդիկ վիրավոր են, նրանցից շատերին ծեծել են, նրանց առողջությունը քայքայված է։ Այդ վնասվածքները պետք է անհապաղ զննվեն, արձանագրվեն։ Չեք կարողանում անել, ես ինքս գամ անվճար այդտեղ նստեմ աշխատեմ»,– առաջարկում է Դանիելյանը։
1989-1992 թթ. –ին Գևորգ Դանիելյանը գլխավոր ատախազության ազգամիջյան հարաբերություններում հսկողության բաժնի պետն էր և ի պաշտոնե ներգրավված էր Ադրբեջանում հայերի նկատմամբ կատարված հանցագործությունների փաստերով հարուցված գործերի քննությանը։
«Ես այդ փորձն ունեմ, Սումգայիթի, Բաքվի 180 000 փախստականներին մենք ենք ընդունել։ Դրանից առաջ արդեն 60 000 մարդ էր ընդունվել։ Այդ բոլորից մենք բացատրություններ ենք վերցրել, գույքագրել ենք, արխիվացրել ենք։ Բայց դա այսօր էլ պետք է անել, չէ՞, որ ասենք` էդ ի՞նչ մարդ եք ուզում վերադարձնել։ Մենք կրկնակի ավելի փախստական ենք ընդունել Ադրբեջանից։ Ընդ որում, ադրբեջանցիները շատ հանգիստ վաճառել են իրենց տներն այստեղ ու գույքն էլ իրենց հետ ապահով հասցրել Ադրբեջան, իսկ հայերն ամեն ինչ թողել են ու դատարկ ձեռքով փախել Հայաստան»,– հիշեցնում է Գևորգ Դանիելյանը։
Ամեն ինչ կախված է քաղաքական կամքից. Լարիսա Ալավերդյան
1991թ–ին հիմնադրված «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը ևս 32 տարի առաջ զբաղված էր Ադրբեջանից տեղահանված հայերի իրավունքների ու շահերի պաշտպանությամբ։ ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն այդ տարիներին ՀԿ–ի գործադիր տնօրենն էր ու սեփական փորձով է տեղյակ կատարված աշխատանքի ծավալից։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տիկին Ալավերդյանը ևս ընդգծեց, որ նույնիսկ խորհրդային իշխանությունների օրոք սումգայիթյան դեպքերը Հայկական ԽՍՀ Գլխավոր դատախազության կողմից ամենայն մանրամասներով հաշվառվել ու նույնիսկ լրացվել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից հաստատված ձևաչափով, որտեղ մանրամասն նշվում են փախստականների կրած կորուստները, ներկայացվում դրանք հաստատող փաստաթղթերը։
«Պետք է կազմվեն դոսյեներ։ Ես հասկանում եմ այդ գործի ծավալը։ Բայց հիշեցնեմ, որ սովետական տարիներին 2-3 տարվա ընթացքում Հայաստանն ընդունել է կես միլիոնից ավելի փախստականների։ Այսօր այս թվից մի քանի անգամ քիչ մարդ է եկել Հայաստան։ Ես կասկած չունեմ, որ պետությունը պարտավոր է և պետք է պատշաճ կարգով հաշվառում իրականացնի։ Եթե իր ուժերը չեն բավարարում, այդ ժամանակ պետք է գործի սոցիալական պայմանագիր` հասարակական կազմակերպությունների հետ, որոնք իրենց վրա կվերցնեն պատվիրակված գործառույթներ ու հաշվետու կլինեն պետական մարմնին»,– ասում է Ալավերդյանը։
Հաշվառումը, որ տարվում է այսօր ՀՀ պետական կառույցների կողմից, Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, համարժեք չէ իրականությանը։ Եվ խնդիրը պետական ռեսուրսների սղությունը չէ, այլ տեղահանվածներով զբաղվող կառույցների պրոֆեսիոնալիզմի ու պետական մոտեցման բացակայությունը։
«Ինչպես ցույց է տվել խորհրդային ժամանակվա փորձը, ամենամեծ նշանակությունն ունի քաղաքական կամքը։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի քաղաքական որոշումներ են կայացնում այս իշխանությունները»,– նկատում է նախկին օմբուդսմենը։
Ալավերդյանը հորդորում է Հայաստան հասած բոլոր արցախցիներին դիմել իրենց ժամանակավոր բնակության վայրի սոցիալական ծառայության կամ ոստիկանության բաժիններ և հաշվառվել` որպես Արցախից բռնի տեղահանվածներ։
«Նույնիսկ նրանք, ովքեր ունեն բնակության վայրեր, ունեն բարեկամներ կամ բնակարան, կապ չունի, նրանք բռնի տեղահանված են իրենց մշտական բնակության վայրերից»,– շեշտում է մեր զրուցակիցը։
Ալավերդյանը չի բացառում, որ կյանքին սպառնացող վտանգից փախչող արցախցիներից շատերը Հայաստան են եկել առաց փաստաթղթերի, իրենց հետ չեն բերել սեփականության վկայականներ, ուստի հորդորում է Արցախում դեռ մնացած հայերին իրենց հետ վերցնելել բոլոր փաստաթղթերը, իսկ պետական կառույցներին` Հայաստան փոխանցել կադաստրի պետակա կոմիտեում, սոցիալական ծառայություններում, ՏԻՄ–երում առկա ողջ թվայնացված տեղեկատվությունը։
Այսօր` փաստեր, վաղը` վճիռ. միջազգային արդարադատության սպասումով
Մեր զրուցակիցները չեն կասկածում, որ վաղ թե ուշ գալու է Ադրբեջանի հանցագործություններին իրավական գնահատական տալու ու արցախցիներին պատճառված վնասների փոխհատուցման ժամանակը։
Այդ է պատճառը, որ անհրաժեշտ են համարում միջազգային իրավական այդ գործընթացին պատրաստվել հիմնավորապես ու հենց այսօրվանից։
Վերադառնալով 3 տասնամյակ առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին ու դրանց իրավական գնահատականներին` ներկայացնենք որոշ վիճակագրական տվյալներ, որոնք Sputnik Արմենիային են տրամադրել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
Դրանց համաձայն` 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել ՄԻԵԴ` «ադրբեջանցիների՝ Արցախում վերաբնակեցման առնչությամբ, ինչպես նաև գույքի ոչնչացման առնչությամբ թույլ տրված ենթադրյալ խախտումների վերաբերյալ»։
Հայաստանը ո՛չ 30 տարի առաջ, ո՛չ այսօր Ադրբեջանի դեմ միջպետական գույքային փոխհատուցման պահանջով հայց չի ներկայացրել։
Ադրբեջանից ՄԻԵԴ–ի միջոցով փոխհատուցում Ադրբեջանից տեղահանված հայերը պահանջել են միայն անհատական հայցերով։ Դրանցից մինչ օրս բավարարվել է միայն 1 հայց` Ադրբեջանից տեղահանված Մինաս Սարգսյանի հայցը, որով նա պահանջում էր փոխհատուցել Ադրբեջանի Շահումյանի շրջանում մնացած իր տան, այգու, կորցրած ունեցվածքի ու եկամուտի դիմաց։
Դիմումն ստանալուց 11 տարի անց` 2017թ–ին ՄԻԵԴ–ը որոշում է կայացրել բավարարել պահանջը` 30 000 եվրոյի չափով։
Մինաս Սարգսյանը, սական, իր տարիների իրավական պայքարի արդյունքն այդպես էլ չտեսավ։ Նա 2009թ–ին մահացել էր։ Փոխհատուցումը ստացան նրա կինն ու զավակները։
ՄԻԵԴ դիմած մյուս փախստական հայերն առ այսօր սպասում են միջազգային արդարադատության իրենց հերթին։