Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Անօթևան ու սրտաբեկ, բայց ոչ կոտրված. Արտակ Բեգլարյանն արդեն Երևանում է

Բեգլարյանը նշել է, որ անցյալի և ապագայի վերաբերյալ իր կարծիքն ու մոտեցումները կներկայացնի առաջիկայում, երբ պահն ու ձևաչափը հարմար լինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը նույնպես բռնի տեղահանվածների թվում եկել է Հայաստան։ Այս մասին նա հայտնել է սոցցանցերում։
«Ես արդեն Երևանում եմ, ինչպես Արցախի բոլոր բնակիչները` անօթևան ու սրտաբեկ, բայց ոչ կոտրված»–գրել է Բեգլարյանը:
Նա լուսանկար է հրապարակել Եռաբլուրից ու նշել, որ նախ եղել է Եռաբլուրում ՝ շնորհակալություն հայտնելու և ներողություն խնդրելու մեր հերոսներից, ապա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ աղոթելու Արցախի համար:
Բեգլարյանը նշել է, որ հաջորդիվ կմեկնի արցախցի փախստականների ընդունման կետ՝ իր նպաստը բերելու մեր ժողովրդի տառապանքների թեթևացմանը:
«Անցյալի և ապագայի վերաբերյալ իմ կարծիքն ու մոտեցումները կներկայացնեմ առաջիկայում, հարմար պահին և ձևաչափում»,–նշել է Բեգլարյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։