Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Արցախում դեռ կան լքված ընտանի կենդանիներ. ինչ աշխատանքներ են տարվում խնդիրը լուծելու համար

Արցախից բռնի տեղահանվածներից շատերն ունեն ընտանի կենդանիներ, և նրանց մի մասը չէր կարողացել իր կենդանուն տեղափոխել ՀՀ։ Հետո հարցը լուծվեց, բայց ոչ ամբողջությամբ։ Տերերի վերջին հույսն Արցախում դեռևս աշխատող փրկարարներն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik.Արցախից բռնի տեղահանված շատ քաղաքացիներ, որոնք Հայաստան էին տեղափոխվում, չեն կարողացել իրենց հետ բերել տնային կենդանիներին, քանի որ հանրային տրանսպորտային միջոցների վարորդները թույլ չէին տալիս կենդանիներ տեղափոխել, երբեմն էլ սեփական մեքենաներում տեղ չէր լինում։
Խնդրի մասին տերերը սկսեցին համացանցում աղմուկ բարձրացնել, որպեսզի իրավասու անձինք ինչ–որ կերպ աջակցեն իրենց կենդանիներին Հայաստան տեղափոխելու հարցում։
Խնդրին արձագանքեց Երևանի քաղաքապետարանը։ Առաջին իսկ օրվանից, երբ սկսեցին ավտոբուսներ ուղարկել Ստեփանակերտ, կառույցից հայտարարեցին` բոլորը կարող են վերցնել իրենց ընտանի կենդանիներին։ Այս հայտարարություններից հետո դեպքեր եղան, երբ մի շարք քաղաքացիների սրտացավ հարևանները կամ հարազատներն են Երևանի քաղաքապետարանի տրամադրած աբտոբուսներով, որոշ դեպքերում նաև սեփական մեքենաներով ընտանի կենդանիներին տեղափոխել Հայաստան։
Sputnik Արմենիայի հետ զրույցում «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ–ի տնօրեն Հարություն Առաքելյանը հաստատեց այդ լուրը և ընդգծեց` մարդիկ են եղել, որոնք նեղվածքի մեջ անգամ, բայց իրենց հետ բերել են կենդանիներին։
«Ներկայում հստակ թիվ չկա, թե քանի մարդ է իր հետ Արցախից Հայաստան տեղափոխել ընտանի կենդանիներին։ Փորձում ենք հավաքագրել։ Մեզ մոտ գործում են աջակցության տարբեր ծրագրեր այն մարդկանց համար, որոնք չեն լքել իրենց կենդանիներին»,– նշեց Առաքելյանը։
Նա ընդգծեց, որ այս պահին կան բռնի տեղահանված այնպիսի անձինք, որոնք դեռևս հիմնական կացարան չունեն և իրենց ընտանի կենդանիներին ժամանակավորապես թողել են Կենդանիների խնամքի կենտրոնում։ ՀՈԱԿ–ը պատրաստ է աջակցել այդ մարդկանց որքան հնարավոր է շատ, քանի որ վերջիններս անգամ տանջանքներով լի ճանապարհին չեն մոռացել իրենց կենդանիներին։
«Դինգո» թիմն էլ Արցախից Հայաստան տեղափոխվող կենդանիների համար հայտարարություն էր տարածել, որ առաջին 3 ամսվա կերն ու բժշկական ծախսերն ամբողջությամբ վերցնում է իր վրա։ Նրանք նաև ընդգծել են, որ պատրաստ են չորքոտանիների համար չոր կեր հասցնել Հայաստանի ցանկացած հատված։
«Մենք տնային կենդանի չենք պահում, մեր կացարանը հարմարեցված չէ (միայն անտուն հաշմանդամ կամ ծեր կենդանիներ են պահվում)։ Այս ընթացքում Արցախից տեղահանված մեր հայրենակիցները «Դինգո» բերել և բերում են շներ և կատուներ, դեռ այլ կենդանու համար հայտ չի եղել։ Մեզ դիմողները բավականին շատ են, մենք էլ փորձում ենք բոլորին օգտակար լինել»,– ասաց «Դինգո» թիմի հիմնադիր նախագահ Օվսաննա Հովսեփյանը։
Դիմելու համար Արցախից տեղահանված անձինք պետք է անձնագիր ցույց տան, որով կհավաստեն, թե որտեղից են։ Դրանից հետո արդեն սկսվում է ժամանակավոր ընտանիք փնտրելու գործընթացը։ Արդեն 12 շան համար ժամանակավոր պահողներ գտել են։ Այն մարդիկ, որոնց շները բուժօգնության կարիք ունեն` «Դինգո» թիմը սեփական միջոցներով ուղարկել է կլինիկաներ։ Այդպիսիները մոտ 5-6-ն են։ Օրինակ, շներից մեկի ոտքին գոյացություն կար` վիրահատել են, մի քանիսին էլ ուղղակի պատվաստել են։
Կազմակերպությունը սննդից և բուժօգնությունից բացի արդեն 10 կենդանու համար տրամադրել է նաև վզկապներ, ճիճվաթափության դեղեր և այլ անհրաժեշտ պարագաներ։
«Մենք և մեր կենդանիները» սոցիալական էջում էլ փորձ է արվում ցուցակ կազմել Արցախում թողնված կենդանիների մասին տեղեկություններով։ Հույս ունեն, որ դրանից հետո, Արցախում իրենց աշխատանքը դեռևս շարունակող ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները կկարողանան Հայաստան տեղափոխվելու ժամանակ իրենց հետ բերել նաև անտուն մնացած կենդանիներին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։