ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ժամը 18.00–ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից 100 480 բռնի տեղահանված անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Այս պահի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 21076 տրանսպորտային միջոց։ Հաշվառված անձանց թիվը կազմում է 83467»,–ասաց նա։
Նրա խոսքով` ժամը 18.00–ի դրությամբ պետության կողմից տրամադրված կացարաններից օգտվել է 37749 անձ ։ Ըստ մարզերի տեղաբաշխումը կատարվել է հետևյալ կերպ. Արագածոտնի մարզում ժամանակավոր կացարան է ստացել 2259 մարդ, Արարատի մարզում` 8898, Արմավիր` 3549, Գեղարքունիքի մարզ` 3276, Լոռի` 1891, Կոտայք`10268, Շիրակ 1683, Սյունիքի մարզ` 2277, Վայոց Ձոր` 1746 և Տավուշի մարզ` 1902։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր Ստեփանակերտից վերջին ավտոբուսները շարժվեցին ՀՀ` բերելով բռնի տեղահանվածներին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։