ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Երևանում հարյուրավոր մարդիկ, որոնք երթ են իրականացնում ի աջակցություն Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի և մյուսների, որոնց ձերբակալել են ադրբեջանցիները արցախանպաստ գործունեության համար, «Մատենա» միջազգային դպրոցի տարածքում իրենց աջակցության խոսքերը գրեցին, որոնք հետագայում գիրք են դառնալու։
Մարինա Ալեսը ակցիային
© Sputnik
Գրառումներ կատարողների թվում են ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի քույրը` Մարինա Ալեսը, երգչուհի Շուշան Պետրոսյանը և այլ հայտնի մարդիկ։
«Գրառումներ կատարելու համար կարող եք մոտենալ «Մատենա» դպրոցի 2–րդ հարկ»,–ասաց Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը։
Շուշան Պետրոսյանը ակցիային
© Sputnik
Նրա խոսքով` հետագայում այդ գրառումները տեղ կգտնեն Ռուբեն Վարդանյանին նվիրված գրքում, որը ակցիայի կազմակերպիչները կնվիրեն նրան Ադրբեջանից վերադառնալուն պես:
Սեպտեմբերի 27-ին ադրբեջանցի զինվորականները Ստեփանակերտից հեռանալիս բերման են ենթարկել նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Սեպտեմբերի 29–ին Հակարի կամրջի անցակետն անցնելիս ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել էին ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։