ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Փաստաբան Ամրամ Մակինյանը ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Արարատի մարզի Սուրենավան համայնքի ՔՊ-ական համայնքապետի՝ արցախցիների վերաբերյալ կատարած գրառման կապակցությամբ։
Նշենք, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի վարչական ղեկավար Անի Վարդազարյանը «Ֆեյսբուքում» գրառում է արել ու առաջարկել է ցույցերին մասնակցող արցախցիներին զրկել բոլոր տեսակի օգնություններից:
Սուրենավան համայնքի ղեկավար Անի Վարդազարյանի` Facebook սոցիալական ցանցից հեռացված գրառումը
© Photo : Social media of Ani Vardazaryan
«Նկատի ունենալով, որ պաշտոնատար անձի կողմից կատարված հրապարակումը առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ (Խտրականությունը` տարբերակված վերաբերմունքի դրսևորումը, որը ոտնահարում է անձի պատիվն ու արժանապատվությունը կամ իրավունքներն ու ազատությունները) և 236-րդ հոդվածներով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը) նախատեսված հանցագործության հատկանիշներ` խնդրում եմ հանձնարարել նախաձեռնել քրեական վարույթ և ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները առերևույթ հանցագործությունները համակողմանի բացահայտելու համար»,–գրել է Մակինյանը հաղորդման մեջ:
Նշենք, որ համայնքապետ Անի Վարդազարյանը ավելի ուշ ջնջել էր իր այս գրառումը։
Հավելենք, որ վերջին տվյալներով Լեռնային Ղարաբաղից 100 417 բռնի տեղահանված անձ է եկել Հայաստանի Հանրապետություն։
Հիշեցնենք, որ «Ազգային կոմիտեն» այսօր, 17:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա է անցկացնում` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։