ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ։ Տեղեկությունը ֆեյբուքյան իր էջում շտապել է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ ամեն անձի կտրվի ևս 10 հազար դրամ՝ կոմունալ բոլոր ծախսերի համար։
«Այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից և կգործի առնվազն 6 ամիս»,–հայտնել է նա:
Բացառություն կլինեն այն ընտանիքները, որոնք ՀՀ-ում ունեն բնակարան, ինչպես նաև խնամքի հատուկ կենտրոններում գտնվող անձինք, որոնք չեն կարող բնակարան վարձել:
Վերջում Փաշինյանը հավելել է, որ վաղը, ժամը 12։00–ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կհայտնի ծրագրի մանրամասները։
Հավելենք, որ այսօր ժամը 18.00–ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից 100 480 բռնի տեղահանված անձ է եկել Հայաստանի Հանրապետություն։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։