«Կյանքս ճամպրուկի մեջ չտեղավորվեց»․ Արցախից վերջին տեղահանվածների ուժն ու պատմությունները

Արցախից բռնի տեղահանվածները Գորիսում
Սեպտեմբերի 29-ին Երևանից մեկնեցին վերջին (ըստ կառավարության հայտարարության) ավտոբուսները՝ Ստեփանակերտից բերելու նրանց, ովքեր չէին կարողանում ինքնուրույն դուրս գալ: Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է նրանցից մի քանիսի հետ։
Sputnik
Բռնի տեղահանված արցախցիների վերաբնակեցմանը Հայաստանում շատերը սոցիալական ցանցերով են հետևում. լուսանկարներում և տեսանյութերում ծավալվող պատկերը ցնցող է, բայց տեղում այն այլ է` ավելի ծանր ու խեղդող: Վայքի և Գորիսի հրապարակները ծայրեծար լցված են իրերով՝ հսկայական տոպրակների մեջ կամ վերմակներով և սավաններով փաթաթված։ Դրանց կողքին լուռ նստած կանայք սառած հայացքով հեռուներն են նայում։
-Ինչո՞ւ մարդիկ ճամպրուկներով չեն,-հարցնում եմ Վայքում առաջինը հանդիպած մի երիտասարդ կնոջ։
-Որովհետև ոչ մի տեղ չէինք պատրաստվում գնալ։ Իմ ճամփորդական ճամպրուկում կյանքս չտեղավորվեց, ստիպված ծածկոցի մեջ փաթաթեցի։
-Ուժեղ եք,-լացի փոխարեն լռություն է։
-Մենք լուռ ենք սգում։
Արցախից բռնի տեղահանվածները Վայքում
Երեխայի լաց եմ լսում, շրջվում եմ։ Խոտերի վրա 15-18 մարդ է նստած։ Միջին տարիքի մի կին՝ Մարինեն, օրորում է նորածնին, բայց երեխան չի հանգստանում։ Աղջնակը սեպտեմբերի 21-ին է ծնվել` ՀՀ Անկախության և Արցախի անկման օրը։
Փոքրիկ Եվան ընտանիքի ութերորդ երեխան է, նրանք ռմբակոծությունների տակ փախել են Մարտակերտի շրջանի Վանք գյուղից։ Երեխան շուտ է ծնվել, մայրիկի՝ Մարինեի հղիությունը շրջափակման ժամանակ է անցել, իսկ ծննդաբերությունը նախատեսվածից մեկ ամիս շուտ է եղել։
Արցախից բռնի տեղահանված Մարինան և նորածին Եվան Վայքում
-Ուժեղ աղջիկ է։ Մենք 38 ժամ Ստեփանակերտից Գորիս ենք եկել, համարյա չի լացել, մեզ չի տանջել։
-Ի՞նչ եք անելու հետո։
-Կյանքը զրոյից կսկսենք․․․ գյուղում կապրենք, ինչից հասկանում ենք՝ դրանով կզբաղվենք, գյուղատնտեսությամբ, գուցե երեխեքի համար մի եղբայր ունենանք։
-Բարդ ու վտանգավոր պայմաններում ո՞նց եք ութ երեխա ունեցել։
-Հըսկանալով,- ժպիտով պատասխանում է Մարինեն։
Մինչ մենք զրուցում ենք այս մեծ ընտանիքի հետ, մոտակայքում նկատում եմ առանց ծնողների հսկողության խաղացող երեխաների՝ մոտ 13 տարեկան մի աղջկա և 6-8 տարեկան երկու տղաների։ Աղջիկը փորձում է զսպել արցունքները և կրտսեր եղբայրներին ցույց չտալ հուզմունքը։ Մոտենում ենք և իմանում, որ Մարիաննան ու նրա եղբայրները Ստեփանակերտից են եկել։ Այդ պահին վազելով, անհանգստացած մի կին է մոտենում մեզ․ նրանց մայրն է։
Արցախից բռնի տեղահանված Մարիաննան
-Երեխեքիցս ի՞նչ եք ուզում,–կտրուկ ասում է մայրը։
Մենք ներկայանում ենք և պարզում, որ Ալյոնան սեպտեմբերի 19-ից՝ մարտական գործողությունների սկզբից ի վեր, իր ավագ երեխաներից լուր չունի․ նրա երկու որդիները զինվոր են, իսկ դուստրերն ամուսնացած են։ Այս ամբողջ ընթացքում չորսից ոչ մեկի հետ չի կարողացել կապվել։ Կրտսերներին հեռվից էր հետևում` ոչ մի վայրկյան աչքից բաց չթողնելով։
-Շատ եմ վախենում, որ նրանց էլ կկորցնեմ,-ասում է։
Ալյոնան այրի է, Ստեփանակերտից երեք կրտսեր երեխաների հետ մենակ հասել է Վայք։
-Հասցրե՞լ եք ինչ-որ բան վերցնել։
-Երեխեքին մի քանի շոր։
-Իսկ լուսանկարնե՞ր։
-Մտածում ես՝ իմ երեխեքի դեմքը կարող է մոռանա՞մ։ Լավ կլինի,-ցածրաձայն համոզում է իրեն ու ինձ,-մենակ թե տղաներս դիրքերից հետ գան, աղջիկներս էլ երևի արդեն Հայաստանում են․․․
Արցախից բռնի տեղահանված Ալյոնան
Վայքի հրապարակում երեխանրն ու կանայք շատ են, երիտասարդ տղամարդիկ գրեթե չկան։ Բոլորը տեղավորման տարբերակներ են քննարկում և փորձում են տեղ գտնել արդեն հիմնավորված ազգականների մոտ, որպեսզի միասին հաղթահարեն դժվարությունները։
Գորիսում ամեն ինչ այլ է. Տաթևացու անվան հրապարակում բռնի տեղահանվածներին տեղափոխող վերջին ավտոբուսներով հիմնականում անապահով ընտանիքներ են եկել ու ծերեր։ Հոգատար կամավորները փորձում են մեկին տաք թեյ տալ, մյուսին կերակրել, երրորդին օգնել գրանցվել, չորրորդին պարզապես լսել, ամենուր բեռներ են դատարկում, ծածկում են պոլիեթիլենային տոպրակներով, որ չթրջվեն։
Արցախից բռնի տեղահանվածները Գորիսի հրապարակում
-Ստեփանակերտում քաոս էր, մարդիկ վախենում էին մնալ և փորձում էին ոչինչ չմոռանալ։ Բայց ամբողջ ճանապարհը լուռ էին եկել։ Լուսամուտներից դուրս էին նայում, փորձում էին հրաժեշտ տալ։ Սենց ծանր ճանապարհ երբեք չեմ ունեցել,-պատմում է «վերջին ուղերթի» ավտոբուսներից մեկի վարորդը։
Ասում է` ծերերը թեև շատ են, բայց միայնակներին մատների վրա կարելի է հաշվել, նրանք հիմնականում եղբայրների, քույրերի, խնամիների, հեռավոր ազգականների հետ են: Ուզում են միասին ապրել: Օրինակ՝ Լյուդմիլա տատը Մարտունու շրջանի Կաղարծի գյուղից Ստեփանակերտ է եկել ծանոթ ընտանիքի հետ։
Вынужденно переселенная из Нагорного Карабаха Людмила в Горисе
«Վեց հոգով ենք եկել՝ հարևանուհիս իր աղջկա ու փեսայի հետ (խմբ․՝ բոլորը 60-ն անց են), ես՝ ամուսնու ու նրա քրոջ հետ։ Ուզում ենք կողք-կողքի ապրել, օգնել իրար։ Երեխեքն էլ են եկել, բայց չենք ուզում նրանց բեռ լինել։ Մենք գլուխ կհանենք, չորս պատերազմ ենք ապրել, կատակ բան չի»,-ասում է նա։
Ստեփանակերտից եկած վերջին ավտոբուսները
Ծերերից ոմանք ավտոբուսով բերել են այն ամենը, ինչ կարողացել են՝ թոռան հեծանիվից մինչև ջահ, իսկ ոմանք նույնիսկ տաք հագուստ չեն հասցրել վերցրել։ Տիկին Դոնարան գերադասել է իրերի փոխարեն իր կատվին վերցնել։ Ճիշտ է՝ նրան պարկից դուրս չի թողել, և կենդանուն այդպես էլ ոչ ոք չի տեսել։ Կինն ասում է՝ շատ չարաճճի է, եթե փախավ, հետո չես գտնի․․․
Արցախից բռնի տեղահանվածները Գորիսի հրապարակում