ՀՀ–ն վախենում է Ադրբեջանի հետ պատերազմից, բայց «պատերազմ» է հայտարարում ՌԴ–ին. Մանուկյան

Վազգեն Մանուկյանը հանրահավաքին
Հայաստանի առաջին վարչապետը կոշտ քննադատեց գործող իշխանության կողմից վարած արտաքին քաղաքականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի իշխանությունները չհասկացան իրավիճակի լրջությունը, երբ հասկացվեց, որ ռուս–թուրքական մերձեցում է տեղի ունենում։ Այս մասին Երևանում ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով, երբ ակնհայտ դարձավ Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը, ելնելով նրանց շահերից, Հայաստանն այդ պահին պետք է խելամտություն դրսևորեր և այս իրավիճակից դուրս գար առանց կորուստների, կամ մինիմալ կորուստներով։ Բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ Հայաստանը «պատերազմ» հայտարարեց Ռուսաստանին։
«Հայաստանը վախենում է Ադրբեջանի դեմ կռվել, բայց պատերազմ է հայտարարում Ռուսաստանին։ Իսկ Ռուսաստանը, քանի որ պետք է զիջեր ինչ-որ բան, օգտվեց Նիկոլ Փաշինյանի խոսքերից ու անցավ կարմիր գծերը։ Սակայն ով ուզում է գա իշխանության, նա պետք է խոսի Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Չինաստանի հետ»,- ասաց Մանուկյանը։
Քաղաքական գործիչը կարծում է, որ կարելի է Ռուսաստանին սիրել կամ չսիրել, պատմություն հիշել, բայց պետք է կարողանալ խոսել այն երկրների հետ, որոնք իշխանություն ունեն այս տարածաշրջանում և կարող են ազդել իրավիճակի վրա։
Այն պնդումները, թե եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա, Ադրբեջանը պատերազմ կսկսի, Մանուկյանի խոսքով` քննադատությանը չեն դիմանում։ Ըստ էության, նա համոզված է, որ ներկայիս թիմի շարունակական ներկայությունն է, որ երկրին նոր կորուստներ ու զիջումներ է խոստանում։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում հայ–ռուսական դիվանագիտական «փոխհրաձգությունը» հաճախակիացել է։ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար մեղադրում են ռուսական կողմին, իսկ ռուսական կողմից ստացվում են համարժեք պատասխաններ։