ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը օգնություն է խնդրել Եվրահանձնաժողովից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների զանգվածային ընդունումը կազմակերպելու համար։ Իտալիայի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանից խնդրել են տրամադրել առաջին անհրաժեշտության պարագաներ և սանիտարահիգիենիկ նյութեր։
Ըստ իշխանությունների՝ Իտալիան, «որն աշխատում է տարածաշրջանի կայունացման և Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսություն հաստատելու ուղղությամբ, անմիջապես ակտիվացրել է իր ծառայությունները՝ արձագանքելու այդ խնդրանքին»։
Հավելենք, որ վերջին տվյալներով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 437 անձ է արդեն եկել ՀՀ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։