ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղ տանող ավտոճանապարհին մեքենաներ են բախվել , որի հետևանքով տուժել է 5 մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Սեպտեմբերի 29-ին, ժամը 20։15-ին Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղ տանող ավտոճանապարհի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 121-րդ կմ-ին բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1970 թ.) և «Mercedes-Benz» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ա. Վ., ծնված 1991 թ.). ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։
Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ՝ Ա. Ա.-ին (ծնված 1944 թ.), Է. Ա.-ին (ծնված 1977 թ.), Զ. Ա.-ին (ծնված 1949 թ.) և Վ. Ա.-ին (ծնված 1972 թ.), որոնք տեղափոխվել են ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի և ուղևոր Ա․ Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։