Ֆրանսիայից ուղարկված 5 տոննա մարդասիրական օգնությունը հասավ Հայաստան

Ֆրանսիայից ուղարկված 5 տոննա մարդասիրական օգնությունը
Ֆրանսիայից ուղարկված բժշկական սարքավորումներն ու դեղերը նախատեսված են Արցախից տեղահանվածների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական բեռը հասել է Հայաստան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԼՂ–ում պայթյունից տուժածների համար ՀՀ կուղարկվի բժշկական սարքավորումներով և պարագաներով բեռնված օդանավ։
Գերատեսչությունից նշում են, որ 5 տոննա բեռը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ընդունել են առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական օգնությունը
«Նվիրատվությունը բժշկական սարքավորումներ և դեղեր է ներառում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացած մեր հայրենակիցների բուժման համար»,- ասված է հաղորդագրությունում:
Ֆրանսիան 7 մլն եվրո կտրամադրի ԼՂ-ից տեղահանվածների սոցիալական կարիքների հաղթահարման համար
Նանուշյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի գործընկերներին, որոնք օգնում են Հայաստանին այս դժվար օրերը հաղթահարելու և հիվանդներին անհրաժեշտ բժշկական պարագաներով ապահովելու հարցում:
Օլիվիե Դըկոտինյին և Լենա Նանուշյանը
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։