ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ադրբեջանական ագրեսիայի և Արցախից հայերի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը ներկայացրել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հատուկ պատվիրակ Ռոբ Բաթլերին։ Տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։
«Նախարարը ներկայացրել է հարյուր հազարից ավելի մեր հայրենակիցների կարիքներին ուղղված հրատապ և երկարաժամկետ կոնկրետ քայլերով ծրագրի անհրաժեշտությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր առավոտյան ժամը 10–ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից 100 417 բռնի տեղահանված անձ էր եկել Հայաստանի Հանրապետություն։ Հակարիի կամուրջը հատել է 21043 տրանսպորտային միջոց։ Հաշվառված անձանց թիվը կազմում է 81139։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։