ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայում Եվրամիության դեսպան Կատարինա Մատերնովան հայտարարել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության իրատեսական ժամկետը 2030 թվականն է՝ պայմանով, որ Կիևը կկատարի դրա համար անհրաժեշտ բոլոր բարեփոխումները:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը Ուկրաինային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հանձնարարականում պայման էր դրել, որի շրջանակում պետք է յոթ պահանջ կատարվի կարգավիճակից չզրկվելու համար։ Ուկրաինայի կառավարությունը պետք է ավարտին հասցնի ազգային փոքրամասնությունների վերաբերյալ օրենսդրական դաշտի բարեփոխումը, դատական բարեփոխում անցկացնի, շարունակի պայքարը կոռուպցիայի դեմ:
«Հուսով եմ և հավատում եմ, որ Ուկրաինան կավարտի աշխատանքը այն յոթ քայլերի ուղղությամբ, որոնք Եվրահանձնաժողովը սահմանել էր իր հանձնարարականում 2022 թվականի հունիսին, երբ Ուկրաինան և Մոլդովան ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստացան։ Որպեսզի երկիրը միանա ԵՄ-ին, շատ բարեփոխումներ պետք է տեղի ունենան։ Կարծում եմ, որ 2030 թվականն իրատեսական ժամկետ է, եթե շատ աշխատենք»,-Մատերնովայի խոսքը մեջբերում է ուկրաինական «Европейская правда» պարբերականը։
Նա նշել է, որ Ուկրաինայի վերջնական անդամակցությունը դեռ որոշ ժամանակ կպահանջի։ Կիևը դրա համար պետք է բազմաթիվ պահանջներ կատարի, որպեսզի ԵՄ առաջնորդները որոշում կայացնեն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին։
Հիշեցնենք` Վլադիմիր Զելենսկին անցյալ տարվա փետրվարի 28-ին ստորագրեց ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտը: Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն տվեցին Ուկրաինային և Մոլդովային միությանն անդամակցելու թեկնածուների կարգավիճակ տրամադրելուն: