ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ պատրաստ է միանալ «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի Երևանի ավագանու առաջին նիստը բոյկոտելու որոշմանը, եթե իր հետ պայմանագիր կնքեն, որ մայրաքաղաքում ամեն երրորդ պաշտոնն իր ներկայացրած ուժին հանձնվի։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Վարդան Ղուկասյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել էր, որ իրենք բոյկոտելու են Երևանի ավագանու անդրանիկ նիստը, քանի որ ընդդիմադիր ուժերի ձայները չեն բավականացնում ընդդիմադիր քաղաքապետ ընտրելու համար և գնում են Երևանի ավագանու նոր ընտրությունների։
Ղուկասյանը հիշեցրել է, որ ժամանակին հատուկ առաջարկով դիմել էր Մարությանին, սակայն համաձայնության չեն եկել: Նա նաև նշել է` եթե Հայկ Մարությանը ժամանակին համաձայներ վերահսկողության վարչությունն իր քաղաքական ուժին վստահեր, համաձայնության գային, այս իրավիճակը չէր ստեղծվի։
Ղուկասյանը Մարությանին 10 օր ժամանակ է տվել` իր նոր պայմաններին համաձայնելու համար, հակառակ դեպքում «Հանրային ձայն» կուսակցությունը չի բոյկոտի Երևանի ավագանու նիստը։
Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց նաև, որ կասկածներ ունի` «Մայր Հայաստան» դաշինքից մարդիկ կան, որ դուրս են եկել դաշինքից ու մասնակցելու են ավագանու նիստին, իսկ Մարությանն ուզում է գնալ նոր ընտրությունների, որպեսզի խաղից դուրս թողնի «Հանրային ձայն» կուսակցությանը։