Ստեփանակերտ–Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են ինսուլտով մահեր. Ավանեսյան

Կոռնիձոր
Առողջապահության նախարարը շեշտեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք 40 ժամից ավելի ճանապարհին են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ստեփանակերտ–Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մահեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մարդիկ 40 ժամից ավելի ճանապարհին են եղել և այդ ընթացքում գրանցվել են մահեր, ինսուլտի դեպքեր են եղել մեծահասակների շրջանում։ Գիտեք, Կոռնիձոր հասնելու ընթացքը բավականին կրճատվել է և 10 ժամից ավելին չի տևում։ Բռնի տեղահանումը ցավալի հետևանքներ է ունենում, որի ականատեսն ենք մենք լինում։ Մարդիկ հյուծված վիճակում, մի քանի ժամում, թողնում են իրենց ունեցվածքը, անգամ դեղեր չունենալով` ճանապարհ են եկել, խցանումների մեջ են եղել»,– նշեց Ավանեսյանը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 29-ի ժամը 06:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 88 780 անձ: