ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Փաստաբան Մուշեղ Շուշանյանը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 28-ին նրան ձերբակալել են` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար։
«Դատարանը բավարարել է Մ․ Շուշանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Շուշանյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով»,– ասված է հաղորդագրությունում։
Կոմիտեից նշում են, որ 2023 թվականի մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում հրապարակվել է «Նիկոլի ֆիզիկական ոչնչացումը միանգամայն արդարացված է. Մուշեղ Շուշանյան» վերտառությամբ մի տեսանյութ, որի ընթացքում էլ նա հանդես է եկել բռնության կոչերով։ Սեպտեմբերի 22-ին էլ Շուշանյանն իր ֆեյսբուքյան «Mushegh Shushanyan» անվամբ գրանցված էջում տեղադրված գրառումներում հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր՝ արդարացրել նմանօրինակ գործողությունները:
Շուշանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը):
Նախաքննությունը շարունակվում է։