ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն մուտք գործած մեր հայրենակիցներից 27.396–ին պետության կողմից տրամադրվել է անվճար կացարան։ Հումանիտար կենտրոնից ուղիղ եթերում տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա հիշեցրեց` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր բոլոր հայրենակիցներին առաջարկվում է անվճար կացարան։
Նա ներկայացրեց արցախցի մեր հայրենակիցների տեղաբաշխումը ըստ մարզերի։
Արագածոտնի մարզում կացարան է տրամադրվել 1617, Արարատի մարզում` 6139, Արմավիրի մարզում` 2749, Գեղարքունիքի մարզում` 2398, Լոռիում` 1404, Կոտայքում` 7078, Շիրակում` 1067, Սյունիքում` 2094, Վայոց Ձորում` 1613, Տավուշում` 1237 անձի։
«Տեղաբաշխումը կատարվում է տարբեր մարզերում և համայնքներում, առաջարկվում է այն բոլոր կացարանները, որոնք գոնե կարճաժամկետ կարող են ծառայել մեր հայրենակիցներին»,– նշեց Բաղդասարյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։