ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղը ՌԴ խաղաղապահների վերահսկողությամբ շուրջ 3 միլիոն զինամթերք է հանձնել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Սեպտեմբերի 29-ի դրությամբ հանձնվել է 16 միավոր զրահատեխնիկա, 21 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, յոթ միավոր ՀՕՊ միջոցներ, 48 միավոր դաշտային հրետանային հրանոթներ, ՀԿՌՀ-ներ և ականանետներ, ավելի քան 4,8 հազար միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոցներ և զենիթահրթիռային համալիր, մոտ 3 մլն զինամթերք»,– ասված է այսօրվա տեղեկագրում։
ՌԴ պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Պահպանվում է Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը։
ՌԴ խաղաղապահ զորակազմը շարունակում է աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։