ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Կանադան 2,5 մլն դոլար կտրամադրի Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետևանքով առաջացած հրատապ հումանիտար կարիքները հոգալու համար։
Այս մասին համատեղ տեսաուղերձով են հանդես եկել Կանադայի միջազգային զարգացման նախարար Ահմեդ Հուսենը և արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին, որը տեղադրված է X միկրոբլոգում։
Նշվում է, Կանադան 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ճգնաժամի հետևանքով առաջացած հրատապ կարիքները լուծելու համար: Այս ֆինանսավորումը կօգնի տրամադրել շտապ բժշկական օգնություն, սննդի և սնուցման օգնություն, պաշտպանական ծառայություններ և այլն:
«Կանադան շարունակում է կոչ անել մարդասիրական օգնության անխոչընդոտ տրամադրել կարիքավոր խաղաղ բնակիչներին՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան: Քաղաքացիները, այդ թվում՝ ճանապարհին գտնվողները, նույնպես պետք է պաշտպանված լինեն։ Կանադան աջակցում է գործող հրադադարի պահպանմանը և կոչ է անում մշտապես դադարեցնել ռազմական գործողությունները»,-հայտարարել են կանադացի նախարարները:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում։
Այդ ընթացքումսկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Սեպտեմբերի 29-ի ժամը 06:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 84770 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։